ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

«Լսել է ձայն, բայց չգիտի որտեղից է այն»

«Լսել է ձայն, բայց չգիտի որտեղից է այն»
25.11.2014 | 11:38

2012 և 2013 թթ. գյուղատնտեսության ոլորտում ցեոլիտը հողագործության մեջ և անասնակերին որպես խթանիչ օգտագործելու համար բազմիցս դիմել ենք ՀՀ կառավարությանը, որն էլ մեր առաջարկություններն ուղարկել է գյուղատնտեսության նախարարությանը։ Նշեմ, որ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի ստորագրությամբ մեր առաջին՝ հողագործության մեջ բնական ցեոլիտների արդյունավետության հարցերին նվիրված առաջարկությանը ստացանք մի այնպիսի անհեթեթ պատասխան, որ լռելն անհնար էր։ Եվ չլռեցինք։ Փոխնախարարի պատասխանի անհեթեթությունների վերաբերյալ պարզաբանումներ և հիմնավորումներ ուղարկեցինք։ Նամակագրությունը կրկնվեց մի քանի անգամ և առանց որևէ դրական արդյունքի։ Ինչևիցե, հարցը փակված չենք համարում, քանի դեռ ՀՀ բնական ցեոլիտները չեն ներդրվել հողագործության մեջ։
Այժմ ցանկանում ենք անդրադառնալ անասնակերի մեջ բնական ցեոլիտների կիրառության հարցերին։ Տվյալ հարցով նախկին կառավարությանը դիմել ենք երկու անգամ և երկու անգամ էլ փոխնախարարներ Ռ. Մակարյանի և Գ. Պետրոսյանի ստորագրությամբ ստացել ենք միևնույն բովանդակությամբ պատասխաններ. «Առաջարկությունն ուղարկվել է գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններին»։ ՀՀ մարզերից ստացանք երկու հեռախոսազանգ և` դարձյալ լռություն։ Բնական ցեոլիտներն այդպես էլ չեն ներդրվել։
Փոխվեց կառավարությունը (մասնակի)։ Որոշեցինք նորից կրկնել մեր առաջարկությունները, հույս փայփայելով, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարող է աշխատել բոլորովին նոր ոճով, և ինչ-որ արդյունք կարող է ստացվել։ Բայց` ոչ։ Աշխատաոճն էլ նույնն է, կարողությունն էլ։
2014 թ. հունիսի 12-ին, վարչապետին հասցեագրված մեր առաջարկությանն ի պատասխան, ստացանք գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանի պատասխանը (Գ.Բ./Ա.Հ-1/3238-14), որը դարձյալ հուսալի պատասխան չէր։
Մինչ Գ. Բաղիյանի պատասխանի շարադրումը նշենք, որ այս անգամ մեր առաջարկությունը կառուցել էինք բոլորովին այլ ոճով. պարզունակ թվաբանական հաշվարկով հիմնավորել էինք ցեոլիտների կիրառության պարագայում ՀՀ-ում կաթնատվության աճի քանակը, ցեոլիտների ներդրման համար պահանջվող ծախսը և սպասվող տնտեսական արդյունքը։
Տվյալ հարցի վերաբերյալ նախապատմությունը հետևյալն է։
Գյուղացիները՝ նրանք, ովքեր շատ են առնչվում բնության հետ, ովքեր ամեն օր են լինում բնության գրկում, նկատել են, որ կենդանիներից շատերը՝ եղջերուները, եղնիկները, այծյամները, ոչխարներն ու այծերը, ինչպես նաև ավելի խոշորներն աշխարհի տարբեր մասերում սպիտակավուն հող են ուտում։ Սկզբնական շրջանում մարդիկ կարծում էին, թե այդ հողի մեջ աղ կա, և կենդանիները աղ են լիզում։ Հետո, երբ գիտնականներն անալիզի ենթարկեցին հողը, պարզվեց, որ դրանում առկա են բնական ցեոլիտներ և բենթոնիտներ, որոնք շատ լավ ադսորբենտներ են։ Այդ առնչությամբ բնագետները եզրահանգեցին, որ հող ուտելով վայրի կենդանիները բնազդաբար մաքրում, բուժում են իրենց օրգանիզմը։ Այս հանգամանքն էլ դարձավ անասնակերի մեջ բնական ցեոլիտների և բենթոնիտների փորձարկման սկզբնաղբյուրը։ Հեռավոր արտասահմանյան երկրներում և նախկին ԽՍՀՄ-ի հանրապետություններում կատարված փորձարկումները պարզել են, որ ինչպես բենթոնիտները, այնպես էլ ցեոլիտները (ցեոլիտները` առավել չափով) անասնակերի մեջ որպես անօրգանական հավելում օգտագործելիս, բարձրացնում են կենդանիների մսատվությունն ու կաթնատվությունը, ինչպես նաև բարելավում են մսի և կաթի որակները (այդ մասին շատ ավելի ընդարձակ ու մանրամասն գրված է մեր նախորդ նամակներում՝ հղված ՀՀ կառավարությանը)։
Այժմ մենք չենք քննարկի այլ կենդանիների՝ խոզերի և թռչունների վրա կատարված փորձերի արդյունքները (դրանք շատ բարձր են), ընդամենը ցանկանում ենք տեղեկացնել, որ կթու կովերի սննդային օրաբաժնում, սննդի 5%-ի չափով, բնական ցեոլիտ հավելելիս կաթնատվությունն ավելանում է միջինը 12,5%-ի չափով (հետազոտությունները կատարել են «Երզոովետ» ինստիտուտի գիտնականները դեռևս ԽՍՀՄ-ի տարիներին)։
Բնական ցեոլիտները կթու կովերի կերաբաժնում որպես անօրգանական հավելում կիրառելիս կաթնատվության աճի վերաբերյալ հաշվարկը ցույց է տալիս, որ.
1. տեղական կթու կովերից (գլխաքանակը՝ 301457, միջին կաթնատվությունը՝ 2200 լ/տարի) սպասվող կաթի քանակը.
ա) առանց ցեոլիտների կիրառության կարող է կազմել 663205400 լ/տարի,
բ) ցեոլիտների կիրառման պարագայում՝ 663205400x12,5։100+663.205400=
= 746106075 լ/տարի։
Կաթնատվության աճը կարող է կազմել 82900675 լ/տարի։
2. Դրսից հանրապետություն ներկրված կթու կովերից (գլխաքանակը՝ 1820, միջին կաթնատվությունը՝ 7000 լ/տարի) սպասվող կաթի քանակը.
ա) առանց ցեոլիտների կիրառության կարող է կազմել 12740000 լ/տարի,
բ) ցեոլիտների կիրառությամբ՝ 12740000+(12740000x12,5։100)=14332500 լ/տարի։
Կաթնատվության աճը կարող է կազմել 1592500 լ/տարի։
Տարեկան սպասվող կաթի ընդհանուր քանակը կարող է կազմել.
ա) առանց ցեոլիտների կիրառության՝ 663205400+12740000=675945400 լ/տարի,
բ) ցեոլիտների կիրառությամբ՝ 760438575 լ/տարի,
Կաթնատվության ընդհանուր աճը՝ 84493175 լ/տարի։
Կառավարությանն ուղարկված մեր առաջարկներից մեկին ի պատասխան գյուղատնտեսության փոխնախարար պարոն Մակարյանը գրել է, որ ցեոլիտների մեկ տոննան արժե 120 դոլար, հետևապես այն ձեռնտու չէ կիրառել հողագործության մեջ։ Չգիտեմ, թե ով է որոշել այդ գինը, բայց մի բան մեզ ստույգ հայտնի է, որ Նոյեմբերյանի ցեոլիտների հանքավայրի հետախուզված Նոր Կողբի տեղամասից մեկ տոննա ցեոլիտի արդյունահանման ինքնարժեքը, ՀՀ «Հայգունմետգիտնախագիծ» ինստիտուտի 1990 թ. նախագծի համաձայն, կազմել է 0,45 ռ (1990թ. կուրսով` 0,74 դոլար)։ Նշենք նաև այն, որ այդ հանքավայրը ՀԽՍՀ նախարարների խորհրդի որոշմամբ (նախարարների խորհրդի նախագահ, ակադեմիկոս Ֆ. Տ. Սարգսյանի ստորագրությամբ) հետախուզվել է հիմնականում և, առաջին հերթին, ՀՀ գյուղատնտեսության կարիքների բավարարման նպատակով, հետևապես այն պատկանել է և պետք է պատկաներ ՀՀ գյուղնախարարությանը։ Սակայն այդ հանքավայրը շահագործման է տրվել մասնավոր անձանց (անհատ ձեռներեցների), ովքեր էլ ձգտում են մեկեն դառնալ միլիոնատեր՝ առանց մեծ ճիգ ու ջանք թափելու։ Ինչևիցե, եթե ՀՀ կառավարությունն այժմ չի կարող հետ վերցնել այդ հանքավայրը և այն տալ իր իսկական տիրոջը՝ գյուղատնտեսության նախարարությանը, ապա մենք ունենք նոր առաջարկություն՝ հետախուզել արդեն իսկ հետախուզված տեղամասի արևմտյան շարունակությունը, մոտավորապես 400 հազ. դոլարի ծախսով հայտնաբերել և գնահատել 20 մլն տ պաշարներ և դրանք ի սպաս դնել գյուղատնտեսության կարիքներին։ Այդ պարագայում մեկ տոննա ցեոլիտի ինքնարժեքը՝ հետախուզման, հանքաքարի արդյունահանման և մինչև Արարատյան գոգահովտի տարածքը փոխադրման ծախսերով հանդերձ, կարող է կազմել ոչ ավելի 10 դոլարից (հետախուզված ցեոլիտի մեկ տոննայի ինքնարժեքը կարող է կազմել 0,02 դոլար՝ 2 ցենտ)։
Հայտնի է, որ խոշոր եղջերավոր կենդանիների սննդային կերաբաժինը օրական միջինը 5կգ է, հետևապես դրան օրական պետք է ավելացվի 250 գ ցեոլիտ, ու հենց այդքանով էլ կարող է պակասել կերը։ 303277 գլուխ կովերի կերից ցեոլիտների օրաբաժինը կարող է կազմել 75819կգ, տարվա կտրվածքով՝ 27674 տ։ Եթե ՀՀ գյուղնախարարությունը, համոզվելով ստացված արդյունքում, ցանկություն կունենա շարունակելու կովերին ցեոլիտներով կերակրելը, ապա մի քանի հարյուր տարի հետո պետք է նորանոր ծախսեր կատարի ցեոլիտների նոր պաշարների հետախուզման համար (20 մլն տ ցեոլիտը անասնակերին որպես հավելում կիրառելու պարագայում կարող է բավարարել 722 տարի, իսկ անասնակերին և հողին (200000 հա) որպես անօրգանական հավելում (մեկ հեկտարին 63 տ հաշվարկով) այն կարող է բավարարել 176 տարի)։ Ցեոլիտը հողին տրվում է մեկ անգամ՝ 63 տ/հա քանակով, որն այնտեղ մնում է ընդմիշտ։ Դրան յուրաքանչյուր տարի ավելացվում է սկզբնական քանակի մեկ տոկոսի չափով (արմատաբնակ բույսերն արմատախիլ անելիս ցեոլիտի կորուստ կարող է տեղի ունենալ մեկ տոկոսի չափով)։
84493175 լ կաթը մեզ չի տրվի հենց այնպես, առանց գումարներ ծախսելու և «ջանք թափելու» (կաթնատվության աճը, առավել ևս այժմ, ավելի քան անհրաժեշտություն է՝ կապված ՌԴ-ի պահանջարկի հետ)։
Կաթի մեկ լիտրն այսօր քաղաքացուն վաճառվում է.
ա) անհատ գյուղացու կողմից 300 դրամով,
բ) խանութներում՝ 400 դրամով (մեկ դոլարով)։
Հավելյալ ստացված 84493175 լ կաթը կարող է արժենալ 61824274-ից մինչև 82432366 դոլար։ Դրա հետ մեկտեղ՝ 27674 տ ցեոլիտների վրա ծախսվող գումարը կարող է կազմել 276740 դոլ/տարի։ Կաթնատվությունից սպասվող օգուտը կարող է կազմել նվազագույնը 61824274-276740=61547534 դոլար։
Անգամ եթե ֆերմերն իր հավելյալ ստացած կաթը վաճառի մեկ լիտրը 150 դրամով, ապա սպասվող օգուտը կարող է կազմել.
84493175x150։410-276740=30635397 (30,6 մլն) դոլար։
Մեծ գիտելիքներ այստեղ պետք չեն համոզվելու համար, թե որքան է ձեռնտու ցեոլիտների կիրառությունն անասնակերում։
Ավարտելով ՀՀ կառավարությանը հղված առաջարկության շարադրումը, ցանկանում եմ նշել, որ իմ առաջարկություններից մեկը գյուղնախարարությունն ուղարկել է մարզեր, որպեսզի մարզերի ղեկավարները «գլխացավանք» ունենան ցեոլիտների ներդրման գործում, և դա է պատճառը, որ ցեոլիտներն այդպես էլ չեն ներդրվել։ Դրանք չեն ներդրվելու առանց գյուղնախարարի «գլխացավանքի»։ Նախարարությունն ինքը պետք է ձեռնարկի, կատարի և ղեկավարի ցեոլիտների ներդրման գործը գյուղատնտեսության մեջ՝ ինչպես անասնակերին ի հավելումն, այնպես էլ հողագործության մեջ։
Այժմ անդրադառնանք ՀՀ գյուղնախարարի առաջին տեղակալ Գ. Բաղիյանի պատասխանին.
«Հարգելի պարոն Հարությունյան.
Հայաստանի Հանրապետության վարչապետին ուղղված Ձեր գրությունը վերահասցեագրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կարևորում է ձեր ինստիտուտի բաժնի վարիչ, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Հ. Ավագյանի առաջարկությունը՝ բնական ցեոլիտների օգտագործման վերաբերյալ։ Նախարարությունը քաջատեղյակ է անասնաբուծության և երկրագործության մեջ բնական ցեոլիտների և բենթոնիտների օգտագործման արդյունավետությանը, իրազեկված է նաև ջրամբարների պատնեշային շերտում դրանք որպես ադսորբենտներ կիրառելու, ինչպես նաև այլ բնագավառներում օգտագործվելու հնարավորություններին։
Բնական ցեոլիտները և բենթոնիտները գյուղատնտեսության ոլորտում կիրառելու ուղղությամբ իրականացվել են բազմաթիվ և բազմաբնույթ գիտական փորձարկումներ, որոնք հաստատել են դրանց օգտագործման արդյունավետությունը։ Ավելին, խորհրդային տարիներին ՀՀ Տավուշի մարզում (Կողբի տարածաշրջանում) արդյունաբերական հիմքերի վրա դրվեց ցեոլիտի և բենթոնիտի արդյունահանումը։ Ներկայումս այդ հանքավայրերը մասնավորեցվել են և գրեթե չեն շահագործվում։ Դրանց վերագործարկումը հին տեխնոլոգիայով բավականին ծախսատար է, իսկ ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնելու համար անհրաժեշտ են զգալի ներդրումներ։ Ծանրակշիռ ֆինանսական ներդրումներ են անհրաժեշտ նաև այդ հանքավայրի արևմտյան հատվածում ընկած տեղամասի հետախուզման, սարքավորումների ձեռքբերման և արդյունահանումը կազմակերպելու համար։
Այնուամենայնիվ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կարևորում է մեր հանրապետությունում ցեոլիտի արդյունահանման կազմակերպումը և այդ ուղղությամբ հնարավորություն ընձեռվելու դեպքում կանդրադառնա այդ հարցին»։
Հարգարժան ընթերցողներ, եթե դուք երբևիցե շփվել կամ առնչվել եք նման պատասխանների հետ, մեզ կհասկանաք և չեք դատապարտի փոքր-ինչ խիստ գրված այս մեկնաբանությունների համար։
Պարոն Բաղիյանը «լսել է ձայնը, բայց չգիտի, թե որտեղից է այն»։ Չգիտի, որ եթե «նախարարությունը քաջատեղյակ է անասնաբուծության և երկրագործության մեջ բնական ցեոլիտների և բենթոնիտների օգտագործման արդյունավետությանը», դրա «նախահայրը» առաջարկությունների հեղինակ Հ. Ավագյանն է, ով ինչպես Նոյեմբերյանի հանքավայրի, այդ թվում` «Նոր Կողբի» տեղամասի ցեոլիտների, բենթոնիտների և հանքային ջրերի առաջին հայտնաբերողն է, այնպես էլ դրանց բազմաճյուղ հետազոտություններին ուղղություն տվողը, ձեռնարկողը, արդյունքների հավաքողն ու հաշվետվություններում շարադրողը։
Ասացինք, որ պարոն Բաղիյանը «լսել է ձայն, բայց չգիտի որտեղից է այն»։ Նույն պատասխանում գրում է. «Իրազեկված է նաև ջրամբարների պատնեշային շերտում դրանք որպես ադսորբենտներ կիրառելու... հնարավորություններին»։ Անհեթեթություն։
Գիտե՞, արդյոք, պարոն փոխնախարարը, որ սորբենտ նշանակում է կլանող, մաքրող, անջատող, իսկ ադսորբենտ՝ մակերևույթով կլանող, մաքրող, անջատող։ Կա նաև աբսորբենտ, որը կլանում, մաքրում է ծավալով։ Առաջինների թվին է պատկանում բենթոնիտը, իսկ երկրորդների թվին՝ ցեոլիտը։ Նշենք, որ աբսորբենտների (տվյալ պարագայում` ցեոլիտների) կլանման ունակությունը շատ ավելի մեծ է, քան ադսորբենտներինը (տվյալ պարագայում` բենթոնիտներինը)։ Ցեոլիտներն ու բենթոնիտները ջրամբարների պատնեշային շերտում ի՞նչ են կլանում. արդյո՞ք այն կաթը, որ փոխնախարարը լցնում է ջրամբար, թե՞ այն յուղը, որ պարունակվում է այդ կաթի մեջ։ Ո՛չ առաջինը, ո՛չ էլ երկրորդը։ Բենթոնիտները ցեմենտի հետ բետոնի շերտը դարձնում են ջրամերժ և կանխում են ջրի անհարկի կորուստը (այս առաջարկությամբ ՀՀ կառավարությանն է դիմել դարձյալ տողերիս հեղինակը, որն էլ, ինչպես մյուս բոլոր դեպքերում, մնացել է չներդրված)։
Պարոն փոխնախարարի ևս մեկ անտեղյակության փաստ.
Վերջինս գրում է. «Խորհրդային տարիներին ՀՀ Տավուշի մարզում (Կողբի տարածաշրջանում) արդյունաբերական հիմքերի վրա դրվեց ցեոլիտի և բենթոնիտի արդյունահանումը»։ Ճիշտ չէ։ Այդպիսի բան տեղի չի ունեցել։ 1990-ին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Նոյեմբերյանի ցեոլիտների հանքավայրի Նոր Կողբի հետախուզված տեղամասում կազմակերպել բնական ցեոլիտների, նշեմ նորից. բնական ցեոլիտների, բայց ոչ բենթոնիտների, արդյունահանման կազմակերպություն (կոմբինատ), որի տնօրենն էր նշանակվել նշված առաջարկության և սույն տողերիս հեղինակը։ Սակայն ժողովրդական խոսքն այստեղ տեղին է՝ «Շաբաթը ուրբաթից շուտ եկավ», ԽՍՀՄ-ը փլուզվեց, և «փլուզվեց» նաև «ցեոլիտների կոմբինատը»` դեռևս չկայացած։
Պարոն Բաղիյանը այնուհետև գրում է. «Ներկայումս այդ հանքավայրերը մասնավորեցվել են և գրեթե չեն շահագործվում։ Դրանց շահագործումը հին տեխնոլոգիայով բավականին ծախսատար է, իսկ ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնելու համար անհրաժեշտ են զգալի ներդրումներ»։ Նախ` նշենք, որ հանքավայրերը (ինչո՞ւ հանքավայրերը, եթե այնտեղ միայն մեկ հանքավայր է) չեն մասնավորեցվել և չեն էլ կարող մասնավորեցվել։ Մասնավորին տրվում է միայն հանքավայրի շահագործման իրավունք և ոչ ավելին (շատ զարմանալի է, որ նախարարի առաջին տեղակալն անտեղյակ է մեր օրենքներին)։ Ինչպե՞ս հասկանալ (ինչպե՞ս է հասկանում ինքը՝ փոխնախարարը) «վերագործարկումը հին տեխնոլոգիայով» և «ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնելը»։ Ծանո՞թ է, արդյոք, պարոն փոխնախարարը որևէ հանքավայրի շահագործման տեխնոլոգիայի, գիտե՞, թե ինչ տեխնոլոգիաներ գոյություն ունեն հանքավայրերի ստորերկրյա եղանակով շահագործման ժամանակ և ինչպիսիք` բացհանքի եղանակով շահագործման։ Չգիտի և չի էլ կարող իմանալ, բայց այդ մասին գրում է` երևի մեզ «լուսավորելու» նպատակով։
Այժմ այն մասին, թե որքան ծախսատար են բնական ցեոլիտների նոր տեղամասի հետախուզումն ու շահագործումը։ Այս կապակցությամբ պարոն փոխնախարարը գրում է. «Ծանրակշիռ ֆինանսական ներդրումներ են անհրաժեշտ նաև այդ հանքավայրի արևմտյան հատվածում ընկած տեղամասի հետախուզման, սարքավորումների ձեռքբերման և արդյունահանումը կազմակերպելու համար»։
Կարծում ենք, որ «ծանրակշիռ ներդրումներ» պետք է կատարի ՀՀ կառավարությունը։ Փոխնախարարն իր միջոցներից այդպիսի ներդրումներ չի կատարի։ Փոխնախարարը, ավելի ստույգ, նախարարությունը հարցը պետք է տեղափոխի վարչապետի աշխատակազմ, քննարկման ներկայացնի և համապատասխան գումարներ պահանջի։ Իսկ գումարների մասին մեր հաշվարկում տվյալներ բերված են։ Եթե պարոն փոխնախարարը բարեհաճեր ընթերցել մեր առաջարկությունը, կտեսներ, որ նշված տեղամասի հետախուզման և 20 մլն տ ցեոլիտի պաշարների հայտնաբերման ու գնահատման համար պահանջվում է ընդամենը 400 հազ. ԱՄՆ դոլար, իսկ մեկ տոննա ցեոլիտի արդյունահանման համար՝ մեկ դոլարից էլ պակաս գումար (հետախուզված մեկ տոննա ցեոլիտի ինքնարժեքը կարող է լինել 0,02 դոլար, (2 ցենտ), իսկ մեկ տոննա ցեոլիտի արդյունահանման ինքնարժեքը, «Հայգունմետգիտնախագիծ» ինստիտուտի կազմած նախագծի համաձայն, 0,45 ԽՍՀՄ ռուբլի՝ 1990 թ. կուրսով 0,74 դոլար)։
Պարոն փոխնախարարը, խորամուխ լինելու փոխարեն բերված հաշվարկի մեջ, գլխացավանքից ազատվելու նպատակով միջոցներ է փնտրում գործը ձախողելու և բնական ցեոլիտները գյուղատնտեսության մեջ չներդնելու համար։ Պարոն փոխնախարարը պետք է հրավիրեր մասնագետների, քննարկեր առաջարկությունը, ստուգեր հաշվարկները կամ գրեր, որ առաջարկությունը վատն է, հաշվարկները հիմնավոր չեն և ներդրումը չի կատարվի, կամ գրեր, որ և՛ առաջարկությունը, և՛ հաշվարկները ճիշտ ու հիմնավոր են, և հարցը տեղափոխվում է ՀՀ վարչապետի աշխատակազմ։
Մեր առաջարկությունում բերված հաշվարկով բնական ցեոլիտի կիրառությամբ հավելյալ ստացվող կաթը ամենաէժան գներով (մեկ լիտրը` 150 դրամ) վաճառելու պարագայում տնտեսության ստացած օգուտը կարող է կազմել 30,6 մլն դոլար։
Եթե ենթադրենք, որ մեր հաշվարկում ցեոլիտի մինչև ՀՀ մարզեր տեղափոխելու ինքնարժեքն իրականից քիչ ենք հաշվել (ընդունենք, որ 4 անգամ պակաս ենք հաշվել), միևնույն է, հավելյալ ստացվող կաթի վաճառքից սպասվող օգուտը մեծ կարող է լինել 29,8 մլն դոլարից։
ՀՀ կառավարությունը կամ հենց գյուղատնտեսության նախարարությունը ինչ «ծանրակշիռ ֆինանսական ներդրումներ» էլ կատարեն, միևնույն է, վերջնական հաշիվը այդ 30,6 կամ 29,8 մլն դոլարի օգուտը պետք է լինի (դա է բիզնեսի կարգը, ավելի ստույգ՝ բիզնեսի օրենքը)։

Հրաչյա ԱՎԱԳՅԱՆ
Երկրաբանահանքաբանական
գիտությունների դոկտոր

Դիտվել է՝ 2041

Մեկնաբանություններ